Կորոնավիրուսի աճի այսօրվա տեմպը բարենպաստ է, բայց եղանակը «քաշում» է. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի աճի այսօրվա տեմպը, եթե նույնիսկ պահպանվի, բարենպաստ է. նախորդ օրերի դեպքերի աճի հարաբերությամբ՝ շատ փոքր տոկոսով է աճում ամեն օր: Այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն կանխատեսումներ՝ երբ կլինի վարակի տարածման բարձրակետը, որից հետո կսկսի այն մարել:

Նախարարի խոսքով՝ վարակի տարածման՝ այսօրվա փոքր տոկոսները համընդհանուր պետական միջոցառումների արդյունք են: «Սա հետևանք է նաեւ հետաքննությունների և մեկուսացումների, քանի որ չենք թողնում, որ մարդիկ իրար հետ շփվեն, և հույս ունենք, որ ամբողջական սահմանափակումները այս յոթ օրերի ընթացքում և գուցե դրանից հետո (ոչ մի երաշխիք չկա, որ այս յոթ օրը և արտակարգ ռեժիմը չեն շարունակվելու), նպաստելու են, որ այդ թվերի աճը զսպենք: Այլ գործոններ էլ կան: Չենք մոռանում եղանակի մասին, որ մեզ, այսպես ասած, մի քիչ «քաշում» է՝ ուշ է տաքանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ազատ տաք միջավայրում վիրուսը չի դիմանում:

Արսեն Թորոսյանն ընդգծեց վարակի տարածման բարձրակետ չունենալու կարևորությունը: «Փորձելու ենք այդ կորը՝ պիկը չունենալ, որովհետև եթե այնպիսի պիկ ունեցանք, ինչպես Իտալիայում, դա աղետալի կլինի երկրի համար թե առողջապահական և թե հումանիտար առումով: Եվ մեր բոլորի պարտքն է այդ պիկը թույլ չտալը: Դա ինչ-որ մեկի կամ ոլորտի պատասխանատվության ոլորտ չի, դա մեր ամբողջ երկրի քաղաքացիների, պետության քաղաքացիների պատասխանատվության շրջանակում է, որ մենք պիկ չունենանք, իսկ ունենալու համար ունենանք փոքր պիկ, որ տանելի լինի բոլորի համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!