Նիկոլ Փաշինյանը դուրս բերեց Եվրամիությանը շրջափակումից

Եվրամիությունն ու եվրոպական մի քանի պետություն Հայաստանի արտահերթ ընտրության համար հատկացնելու են մոտ 2,5 միլիոն եվրո: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ակնկալում են լավագույն ընտրություն եւ հոսով են, որ դրա արդյունքում կձեւավորվի վստահելի, լեգիտիմ իշխանություն:

Իսկ ինչի համար է Եվրամիությանն անհրաժեշտ այդ իշխանությունը, պարզապես քաղաքակրթական հետաքրքրությա՞ն, թե՞ դա ունի նաեւ քաղաքական նշանակություն: Գուցե երկուսը միասին:

Իհարկե պարզունակ են այն դիտարկումները, որ արվում են նախորդ համակարգին հարող շրջանակներում, թե Հայաստանի լեգիտիմ իշխանության սպասումը արտերկրում պայմանավորված է Արցախի խնդրով, որում լեգիտիմ իշխանությունից սպասում են քայլեր, որոնք դժվար կլինեին ոչ լեգիտիմ իշխանության համար:

Այդ մոտեցման պարզունակության մասին եղել են արտահայտվելու մի շարք առիթներ:

Մյուս կողմից հասկանալի է, որ աշխարհքաղաքականության համակարգում եղած սպասումները պայմանավորվում են դրանց կրողների քաղաքական շահերով: Դա չափազանց պարզ իրողություն է:

Ուրեմն ո՞րն է Եվրամիության շահը այս դեպքում:

Հայաստանի թավշյա հեղափոխությունն ակնհայտ շփոթություն էր առաջացրել նաեւ Եվրամիությունում: Ի վերջո, դա նաեւ հասկանալի է: Իրավիճակը փոխվել է արմատապես, ու բոլորին, այդ թվում՝ Հայաստանի նախորդ կառավարության հետ սերտ ծրագրեր եւ «հույսեր» կապող Եվրամիությանը դրել էապես նոր մոտեցումների անհրաժեշտության առաջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ Բրյուսելում:

Ի դեպ, Եվրամիությունը չէր կանգնի այդ կտրուկ փաստի առաջ, եթե Հայաստանում գործունեության ուղղություններում ապահովված լիներ առավելագույն ներկայացուցչականություն եւ այդ գործունեությունը հիմնականում կենտրոնացած չլիներ մի կողմից իշխանական, մյուս կողմից «քաղաքացիական» բյուրոկրատիաների շրջանակում:

Որովհետեւ թավշյա հեղափոխության արդյունքում մեկը կորցրել է իշխանությունը, մյուսը զգալիորեն կորցրել է «առաքելության» իմաստը, որովհետեւ այդ «առաքելությունն» էլ իր հերթին պայմանավորված, ասոցացված, բխեցված է եղել առավելապես իշխանության համակարգի գոյությունից ու բնույթից:

Միայն առերեւույթ էր թվում, թե Հայաստանի իշխանությունն է այսպես ասած կախված Եվրամիությունից: Իրականում Հայաստանում Եվրամիությանն էին շրջափակել, առել այդ երկու բյուրոկրատիաների աքցանի մեջ եւ ըստ էության խաղում փոխանցումներով: Այլ հարց է իհարկե, որ այդ իրավիճակը լիովին հարմարավետ էր նաեւ ԵՄ մի շարք ներկայացուցիչների կամ շրջանակների համար:

Հիմա նոր իրավիճակ է, որում ակնհայտ է դարձել անգամ ԵՄ-Հայաստան համաձայնագրի դեվալվացիան: Համաձայնագիրն անշուշտ շատ կարեւոր է եւ ենթակա իրագործման, սակայն դրա արժեքը բավական բարձր էր Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռուպցիոն մեխանիզմների գերակայությամբ աշխատող իշխանության գոյության պայմաններում: Նոր՝ լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավականության, ըստ այդմ հանրային նոր ընկալումների ու տրամադրությունների պայմաններում անգամ այդ համաձայնագրի նշանակությունն է կորցրել իր առանցքայնությունը. այն շարունակում է մնալ խիստ կարեւոր, միաժամանակ ակնհայտ է, որ այլեւս ավելի փոքր է այն փոփոխությունների համեմատ, որ մեկնարկել են Հայաստանում:

Այս իրավիճակում, լեգիտիմ եւ վստահելի իշխանության առկայությունը Եվրամիության համար պետք է լինի թերեւս Հայաստանում գործունեության շրջանակների ներկայացուցչականությունն ընդլայնելու հնարավորություն, իշխանական եւ քաղաքացիական «բյուրոկրատիաների» շրջանակը հաղթահարելու եւ իրապես հայաստանյան հանրության հետ աշխատելու հնարավորություն, դիտարկելով նոր գործընկերներ բոլոր ուղղություններով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!